ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 26 » Խաղաղ բանակցությունները վիժեցնելը ավանդույթ է դառնում /Բաքվի հերթական սադրանքը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ/
14:49
Խաղաղ բանակցությունները վիժեցնելը ավանդույթ է դառնում /Բաքվի հերթական սադրանքը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ/

Նախօրեին երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդրիոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ—ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ—ի Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակի սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,–շեշտել է Նալբանդյանը։
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացիների սպանությունը՝ նախարարն ասել է.  «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։
Երեկ համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածել են հայտարարություն վերջին իրադարձությունների վերաբերյալ. «Նման զենքերի օգտագործումը հակամարտությունում անընդունելի էսկալացիա է առաջացնում։ Մենք մեր խորագին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին՝ միջազգային սահմանի եւ շփման գծի երկու կողմերում կորուստների առնչությամբ։ Մենք կողմերին ամենավճռական կերպով կոչ ենք անում՝ խուսափել զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում»,—հայտարարել են համանախագահները՝ հիշեցնելով, որ Ժնեւի կոնվենցիայի համապատասխան կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական անձանց անվտանգությունը։
Միջնորդները ափսոսանք են հայտնել, որ այդ միջադեպերը տեղի են ունեցել Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին։ «Մենք ակնկալում ենք, որ նախարարները լուրջ երկխոսություն կունենան բռնության ծավալման եւ այն հարցերի շուրջ, որոնք կապված են բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հետ։
Այս պահին մենք չենք կարող վստահաբար որոշել՝ որտեղից է ծագել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը կողմերի հետ ամենաբարձր մակարդակով՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը եւ կայուն ու խաղաղ կարգավորման հասնելու հարցում առաջընթաց գրանցել»,—ասված է հայտարարությունում։
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից սեպտեմբերի 24—ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4—ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5—ը կանայք են, որոնցից 3—ն սպանվել են։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2015 թվականի սեպտեմբերի 24—ին՝ ժամը 16—ի սահմաններում, հայ—ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի, 1932թ. ծնված Պայծառ Վանեսի Աղաջանյանի առանձնատան ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս տան բակում ստացել է հրազենային մարմնական վնասվածք եւ մահացել։
Ըստ աղբյուրի, սեպտեմբերի 24—ին՝ ժամը 17։00—ից 18։00—ն ընկած ժամանակահատվածում, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով արկի բեկորներից մահացու վնասվածքներ են ստացել եւ սպանվել Բերդավան գյուղի բնակիչ, 2 երեխաների մայր 41–ամյա Սոնյա Վարդանի Ռեւազյանը՝ իրենց անասնագոմի մոտ, եւ 1921 թ. ծնված Շուշան Սերգոյի Ասատրյանը՝ իր վագոն տնակում։ Արկի բեկորներից վնասվածքներ են ստացել նաեւ վերջինիս աղջիկը՝ 1953թ. ծնված Արփիկ Արտաշի Մարալչյանը, ով գտնվել է տնակի մոտ, նույն գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Հայկազի Հախվերդյանը՝ գյուղի ավտոկանգառի մոտ։
Ժամը 17։30—ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել նաեւ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով բեկորային վնասվածքներ են ստացել իրենց տան բակում գտնվող երկու բնակիչ՝ 1931թ. ծնված Գուրգեն Իվանի Սիմոնյանը եւ 1970 թվականի ծնված Նունե Ռաֆիկի Շահնազարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104—րդ հոդվածի 2—րդ մասի 1—ին, 6—րդ եւ 13—րդ, 34—104—րդ հոդվածի 2—րդ մասի 1—ին, 6—րդ եւ 13—րդ կետերի, 185—րդ հոդվածի հատկանիշներով։
Կոմիտեից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի վայրերում նույն օրն անհապաղ զննություն իրականացնել հնարավոր չի եղել, քանի որ հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի զենքերից։
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 24—ի երեկոյան հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել զսպել հակառակորդի ակտիվությունը հայ—ադրբեջանական սահմանին, որի ընթացքում հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ կան։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայկական զինված ուժերին հաջողվել է նաեւ ոչնչացնել հայկական Պառավաքար համայնքի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը, որտեղից հակառակորդը կրակ էր բացել հայկական գյուղի ուղղությամբ։ Հայկական զինուժի պատասխան գործողությունների արդյունքում 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը իր հերթին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24—ին եւ լույս 25—ի գիշերը ղարաբաղա—ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ—ոց ականանետներից ու ՌՊԳ—7, ՀԱՆ—17 եւ ՍՊԳ—9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց։ Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ թուրքական արտադրության TR—107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։
Հ. Գ. Երեկ երեկոյան ցավով տեղեկացանք, որ, ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, «սեպտեմբերի 25—ին, ժամը 17։30—ի սահմաններում ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR—107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ—ի հյուսիս—արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.։ Կան վիրավորներ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024