Գործունեության այս տեսակն ազատվում է բոլոր հարկերից
Կառավարության երեկվա նիստի ժամանակ հավանություն տրվեց «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ու մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին։ Որով, ինչպես տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արեւային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել էլեկտրական ցանցերին։
Իսկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց, որ վերոնշյալ գործընթացը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաեւ մինչեւ 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից։
Փոխնախարարը մանրամասնեց նաեւ, որ, փաստորեն, կառավարությունը զարկ է տալիս արեւային էներգետիկայի զարգացմանը։ Ներկայումս արդեն կան բազմաթիվ տեղեր, որտեղ տեղադրված են արեւային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու։ «Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս,–ասաց փոխնախարարը,–որ ե՛ւ սեփական կարիքների համար տեղադրեն արեւային պանելներ, ե՛ւ ստանան արեւային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումն ու երկարացնում հետգնումը»։
Հ. Հարությունյանը մի դրույթից էլ խոսեց. այն է՝ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի՝ ներկայումս հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց։
Հստակեցնենք, որ մենք արեւային էներգետիկայի համար հաստատված սակագին չունենք այժմ։
Գանք փոփոխությունների անհրաժեշտությանը։ Բանն այն է, որ վերջին շրջանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են դիմում մի շարք ինքնավար էներգարտադրողներ՝ տեղեկացնելով, որ ակտերի համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգին միացումը եւ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագրի կնքումը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից չեն իրականացվում՝ հարկային օրենսդրության համաձայն հարկային ձեւակերպումների մասով առաջացած խնդիրների պատճառով։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստորեն հարկային օրենսդրությամբ հաշվի չեն առնված էներգետիկայի բնագավառը կարգավորող օրենսդրությամբ ինքնավար էներգարտադրողների համար նախատեսված կարգավորման առանձնահատկությունները, ինչի հետեւանքով էլ էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ինքնավար էներգարտադրողների զուգահեռ աշխատանքը եւ համապատասխան կարգերի կիրառությունը դարձել էին անհնար։
Այս վիճակը շտկելու համար էլ նախարարությունը գործադիրին առաջարկեց հավանության արժանացնել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները, որոնցով առաջարկվում է ապահովել վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգարտադրողների եւ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը։ Նաեւ՝ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը։
Այս փոփոխություններն ուղղված են մեր երկրում էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության ու դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը՝ ՀՀ տնտեսության տարատեսակացմանը, տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը։
Ակնկալվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն եւ մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը՝ նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|