ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 6
Հյուրեր: 6
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 2 » Զորավար, ում հավատում են
15:17
Զորավար, ում հավատում են

Այս հրապարակումը, որը պատրաստել էր Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ, լույս է տեսել «ՀՀ»—ում 2011 թվականին։ Կարծում ենք՝ այսօր էլ այն չի կորցրել իր արդիականությունը։
Ի դեմս հայոց բանակի գեներալ—գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի՝ մենք անտարակույս գործ ունենք, բառիս բուն իմաստով, դասական զինվորական գործչի հետ, մարդու, որն իր գիտակցական կենսագրությունն սկսել է խորհրդային ռազմական ուսումնարանում՝ 1944 թ., եւ ցայսօր, արդեն 65 տարի, շարունակում է իր բեղմնավոր գործունեությունը բանակում, որից ուղիղ 20 տարին՝ հայոց բանակում։
Դալիբալթայան զինվորականը ձեւավորվել է խորհրդային ռազմական դպրոցում եւ ծառայել խորհրդային բանակում՝ հասնելով մինչեւ Հյուսիս—Կովկասյան օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնին (1980 87 թթ.), 1971 թ. արժանացել է ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ—մայորի կոչման։ Բայց, ասես, ճակատագրով, նրան բաժին էր ընկել նաեւ զինվորական գործունեության մի նոր, ավելի փառահեղ եւ ազգանվեր շրջան՝ ղարաբաղյան իրադարձությունների, հայոց բանակի ձեւավորման, կայացման ու զարգացման ժամանակաշրջանը։
Այսօր, Ղարաբաղյան պատերազմում հայտարարված հրադադարից 17 տարի անց, առանց դույզն—իսկ չափազանցնելու կարելի է արձանագրել, որ գեներալ—գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու հաղթանակած բանակի նրա գործընկերներից շատերը մեր բանակի հարստությունն են, եւ նրանց անուններն անխզելիորեն կապված են մեր ժողովրդի պատմության նորագույն շրջանի հետ։
Արցախյան ազատամարտը մեր ժողովրդի հերոսական փորձությունն էր, մեր լինելության իրավունքը հերթական անգամ փաստելու պատմական պահը։
Պայքարն սկսվեց միտինգներով, նաեւ որոշ ռոմանտիկ հույսերով, թե ինչ—որ մեկը կարող է հրաշքով լուծել արցախյան թնջուկը, մնում է ընդամենը լավ պահանջել, բայց գեներալ—մայոր Գուրգեն Դալիբալթայանը ի սկզբանե արյան հոտն առավ եւ չէր կասկածում, որ Ղարաբաղում արյուն է թափվելու։ Եվ օր առաջ իր ժողովրդի հետ լինելու համար 1990 թ. ամռանը Ռոստովից եկավ Երեւան՝ ուղիղ հանրապետության վարչապետի մոտ, ու խոսեց իրեն մտահոգող այդ եւ այլ հարցերի մասին։ Սակայն խորհրդային իշխանության օրոք սեփական բանակ կազմավորելու ու պաշտպանության նախապատրաստություն տեսնելու մտահոգությունը դեռ չէր հասունացել, եւ չհասկացված Դալիբալթայանը վերադարձավ Ռոստով։
Միեւնույն ժամանակ սահմանամերձ շրջաններում անհանգիստ էր, ինքնաբուխ կազմավորվում էին երկրապահ կամավորական ջոկատներ, նաեւ առաջին զոհերը եղան։ Վիճակը գնալով բարդացավ. սահմանային միջադեպերը ոչ միայն հաճախացան, այլ վերածվեցին զինված բախումների։ Դալիբալթայանը, ավելի անհանգիստ, ականջը ձայնի հետեւում էր Հայաստանում կատարվող իրադարձություններին, բայց քանի որ նրան պաշտոնապես որեւէ մեկը չհրավիրեց, ստիպված 2—րդ անգամ եկավ՝ 1991 թ. մարտին։
Դրությունը Հայաստանում կտրուկ փոխվել էր. մինչ այդ՝ 1990 թ. սեպտեմբերին, կազմավորվել էր Երեւանի հատուկ գունդը, իսկ կառավարությունում մտմտում էին Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե (ՊԿ) ստեղծելու մասին։ Դա, ինչպես հայտնի է, կատարվեց 1991 թ. մայիսի 4—ին, եւ գեներալ—մայոր Գուրգեն Դալիբալթայանը նշանակվեց ՊԿ—ի գլխավոր շտաբի պետ. այդ պահից սկսվեց նրա ծառայությունը Հայաստանում։
ՊԿ—ն բազմաթիվ հարցեր լուծեց. նախ կազմակերպեց ազատամարտիկների երկշաբաթյա կուրսեր՝ զենքի հետ վարվելու առաջին կանոնները սովորեցնելու համար, ինքնապաշտպանական ջոկատների շտաբների միջոցով պատրաստեց օպերատիվ իրավիճակի ամփոփագրեր, որոնց հիման վրա գնահատվում էր հանրապետության ռազմաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղում օգնեց կամավորական ջոկատների համախմբմանն ու ինքնապաշտպանության կազմակերպմանը, ապա նախաձեռնեց ՊԿ—ի շուրջ խորհրդային բանակում ծառայող հայ սպաների հավաքագրման գործընթացը։ Ի վերջո, պաշտպանության կոմիտեի հիմքի վրա 1992 թ. հունվարի 28—ին ձեւավորվեց ՀՀ ՊՆ, որի առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, նախարարի 1—ին տեղակալ—գլխավոր շտաբի պետ՝ Գուրգեն Դալիբալթայանը։
ՀՀ ՊՆ կազմավորումով նոր փուլ սկսվեց հայոց բանակաշինության մեջ. ձեւավորվեց գլխավոր շտաբը, ուրվագծվեցին թիկունքի ու սպառազինության ծառայությունների տեսակները, ձեւավորվեցին զորամասերի մարտական կազմերն ու կառուցվածքը։ Սկսվեց ՀՀ ԶՈՒ համալրման աշխատանք. հայոց բանակ հրավիրվեցին գեներալներ Միքայել Հարությունյանը, Նորատ Տեր—Գրիգորյանը, Հրաչյա Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գնդապետներ Արկադի Տեր—Թադեւոսյանը, Արտյուշա Հարությունյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը եւ շատ ուրիշներ։
1992 թ. մայիսին սկսվեց առաջին զորակոչը։ Այդ ամենը կատարվում էր Հայաստանի եւ Ղարաբաղի օրեցօր խորացող շրջափակման եւ ավելացող դժվարությունների պայմաններում։ Լիակատար շրջափակման մեջ Ղարաբաղը շնչահեղձ էր լինում նաեւ թշնամու անընդհատ հրետակոծություններից. մարդիկ էին զոհվում, շենքեր ավերվում, եւ օր առաջ պետք էր վերացնել թշնամու կրակակետերը։ Դրա համար անհրաժեշտ էր ռազմագործողությունների պլաններ մշակել, ինչը, բնականաբար, պիտի կատարվեր գլխավոր շտաբում՝ գեներալ Դալիբալթայանի գլխավորությամբ։ Մշակվեցին Մալիբեյլիի, Խոջալուի, Կրկժանի, Շուշիի, Լաչինի կրակակետերի ոչնչացման պլանները։ Դալիբալթայանը ոչ միայն ղեկավարել է դրանց մշակումը՝ որպես գլխավոր շտաբի պետ, այլեւ անձամբ մասնակցել է Մալիբեյլիի, Խոջալուի, Շուշիի, Լաչինի եւ Քելբաջարի ազատագրման ռազմագործողություններին։ Նա համոզված է, որ մեր ռազմական հաջողություններում բեկումնային եղան հատկապես Խոջալուն, պատմական Շուշին ու Լաչինը, որոնց շնորհիվ բացվեց Ղարաբաղը Հայաստանին միացնող ցամաքային ճանապարհը, իսկ դրանց հաջորդած Շահումյանում եւ Մարտակերտում կրած անհաջողությունների տարբեր պատճառներից մեկը նաեւ պաշտպանության պլանի բացակայությունն էր, որի համար շատ թանկ վճարեցինք։
Այդուհանդերձ, հայ ոգու արիության, ռազմական մտքի գերազանցության եւ հազարավոր նվիրյալների կյանքի գնով 1994 թ. մայիսին թշնամուն պարտադրվեց հրադադար, եւ ազատագրված Արցախի շուրջ որոշակի խորության անվտանգության գոտի ստեղծվեց, չնայած գեներալ Դալիբալթայանն այսօր էլ պնդում է, որ մենք շատ ավելի նպաստավոր դիրք ունենալու հնարավորություն ունեինք։
Մեր բանակի արձանագրած լուրջ հաջողությունների համար գեներալ Դալիբալթայանին 1992—ին շնորհվեց ՀՀ ԶՈՒ գեներալ—լեյտենանտի, 1996 ին՝ գեներալ—գնդապետի բարձր կոչումներ, ընդ որում՝ երկուսն էլ առաջինը մեզանում։
1994 թ. հրադադարից հետո հայոց բանակի պատմության 3—րդ փուլում շարունակվող բանակաշինության ու կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, զինվորական կարգապահության ամրապնդման, ռազմական պաշտպանական համակարգի ձեւավորման եւ այլ աշխատանքներում դարձյալ ակտիվ մասնակցություն ունեցավ գեներալ Դալիբալթայանը՝ արդեն որպես ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ. այդ պաշտոնին նշանակվելով 1993 թ. սեպտեմբերին։
Այս ծառայությունը կոչված է ապահովելու ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, նպաստելու երկրի ռազմական անվտանգությանը եւ վերահսկելու ՀՀ զինված ուժերին առաջադրված խնդիրների կատարումը։
Արձանագրենք, որ Դալիբալթայանն իր այդ պարտականությունը նույնպես կատարել է իրեն բնորոշ բարձր պատասխանատվությամբ ու պատվով՝ ուղիղ 14 տարի, երբ այդ պաշտոնից ազատվելուց հետո 2007 թ. տեղափոխվեց պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի խորհրդական։
Այն հարցին, թե ի՞նչ եք անում, պարոն գեներալ, միշտ պատասխանում է.
Աշխատում եմ։
Եվ դժվար չէ հասկանալ, որ այդ մի հատիկ բառի մեջ ամփոփված է նրա ամբողջ կենսագրությունը. աշխատում եւ անմնացորդ ծառայում է հայոց բանակին ու հայրենիքին՝ խորապես համոզված լինելով, որ ամեն լավ բան ստեղծվում է ազնիվ ու նվիրական աշխատանքով։
Գեներալ Դալիբալթայանի մասին շատերն են գրել եւ գնահատանքի խոսքեր ասել. հիշենք դրանցից մի քանիսը միայն.
ՀՀ պաշտպանության նախարար (այժմ՝ ՀՀ նախագահ) Սերժ Սարգսյան. «Գուրգեն Հարությունի Դալիբալթայանն այն գեներալներից է, ով... անսալով ղարաբաղյան գոյամարտի կանչին, անտարբեր չեղավ հարազատ ժողովրդի ճակատագրին եւ, ամենածանր ու օրհասական պահին վերադառնալով Հայաստան, երիտասարդի ավյունով եւ իրեն հատուկ բանիմացությամբ զինվորագրվեց հայկական բանակի կազմավորման գործին» (մայիս, 2006 թ.)։
ԼՂՀ պաշտապանության բանակի հրամանատար (այժմ՝ ՀՀ պաշտպանության նախարար) գեներալ—գնդապետ Սեյրան Օհանյան. «Գուրգեն Դալիբալթայանի նման անհատները կարող են տասնամյակների անդուլ ծառայությամբ վաստակած հանգիստը թողնել եւ զորավարժարաններում շարունակել զինվորին ուսուցանել ռազմական գործ, նրան դաստիարակել հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ, մտածել բանակի մարտական ու օպերատիվ պատրաստության բարձրացման ուղղությամբ եւ, որ շատ կարեւոր է, մեր այսօրվա զինվորականներիս վարակել ընտրած մասնագիտությունը հարգելու զգացողությամբ» (մայիս, 2006 թ.)։ 
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան. «Տիպար եւ օրինակ՝ բազում հայորդիների, Մարդ, ում հիշելիս ժպիտ ու ջերմություն է իջնում հոգուդ վրա, ու բարի վստահություն է պատում քեզ» (մայիս, 2006 թ.)։
Գրող Մկրտիչ Սարգսյան. «Գուրգեն Դալիբալթայանի նման մարդիկ համովացնում են մեր կյանքը, նրա նման մարդիկ մեր ազգային հարստությունն են, նրանք հարստացնում եւ մաքրում են մեր հոգեկան էկոլոգիան։ Նրանցով ճանաչենք ինքներս մեզ։ Նմանվենք մեր գեներալին, ով մեզ համար թանկ է, մեծարենք նրան, որպեսզի հավատանք մեր ազգի ու հայրենիքի անմահությանը» (22 հունիս, 2001 թ.)։ hhpress.am

«ՀՀ», 03.06.2011թ.
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024